Եվ այս անգամ հատուցումից՝ դաժան, բայց արդարացի պատժից չի խուսափելու
(սկիզբը` այստեղ)
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն ու նրա ոհմակը, միտումնավոր թե ոչ միտումնավոր, հնարավոր ամեն ինչ արել են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը գրեթե անխուսափելի դարձնելու համար, իսկ հիմա Նիկոլը կապիկություններ է անում ու կարծես փորձում է ալիբի ստեղծել, թե ինքը դեմ է այդ պատերազմին ու ջանք չի խնայում այն կանխելու համար: Ի՞նչ են արել…
1.Պառակտել ու թուլացրել է հայ ժողովրդին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում: Այդ, ինչպես նաև պետական դավաճանության արդյունքում 44- օրյա պատերազմում մեր պարտության, տարածքային, մարդկային և այլ ահռելի կորուստների, ինչպես նաև 2023 թ. Արցախի Հանրապետության հայաթափման ու մնացյալ տարածքի ամբողջական ու փաստացի կորստի հետևանքով հայ ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը 1920 թ. Կարսի անկումից հետո երբեք այնքան վատը չի եղել, որքան հիմա:
Թերևս ավելորդ է ասել, որ հայ ժողովրդի ներկայիս բարոյահոգեբանական վիճակը Ալիևին կամ Բաքվին գայթակղող գործոն է Հայաստանի վրա հարձակվելու և, եթե հնարավոր լինի, նույնիսկ Երևան հասնելու և ամբողջ երկիրը գրավելու համար:
2.Դավադրաբար, պետական դավաճանության բազմաթիվ դրվագներով ուղեկցվող պարտվողական պատերազմի արդյունքում հայկական կողմը 44-օրյա պատերազմի վերջնարդյունքում տարվել է պարտության, միտումնավոր հանձնվել է Շուշին, ստորագրվել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ, հայերիս համար կապիտուլացիոն համաձայնագիրը կամ, ավելի ճիշտ, հայտարարությունը ՝ հայկական կողմի համար դրանից բխող բոլոր, մեղմ ասած, բացասական հետևանքներով հանդերձ:
Նկատի ունենալով, թե Ադրբեջանն ինչ պետություն է և ինչ նկրտումներ ուներ և ունի նաև Հայաստանի նկատմամբ, նկատի ունենալով պանթուրքական ծրագրի գոյությունն ու դրան թուրք-ադրբեջանական տանդեմի լծված լինելը, վստահաբար կարող ենք ասել, որ եռակողմ հայտարարության ի վնաս հայկական կողմի արդեն իսկ կատարված կետերով (2-րդ, 6- րդ կետեր), այսինքն՝ Ադրբեջանին Ակնայի (Աղդամի), Քարվաճառի (Քելբաջարի) և Քաշաթաղի (Լաչինի) շրջանները վերադարձնելով նույնպես գրեթե անխուսափելի է դարձվել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը:
3.Դավադրաբար, հանցավոր գործողություններով և անգործությամբ 2021թ. մայիսին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներին թույլ են տվել Մեծ Իշխանասարի կողմից և Ադրբեջանի և Սիսիանի սահմանային հատվածներից մտնել ՀՀ տարածք, իրենց հսկողության տակ վերցնել Մեծ Իշխանասարի ռազմավարական նշանակության բարձունքը, ապա հասնել Սև լիճ, տիրել լճին ու հարակից տարածքներին, մտնել նաև Գեղարքունիքի մարզ (Վարդենիսի տարածաշրջան), ինչպես նաև ամրանալ Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում և Սիսիանում, և Գեղարքունիքում:
Վերոնշյալի արդյունքում թշնամուն հնարավորություն է տրվել հենց Հայաստանում ուղիղ նշանառության տակ պահելով, վերահսկողություն հաստատել մեր երկրի որոշ կարևոր ճանապարհների, ռազմական թիրախների, բազմաթիվ բնակավայրերի և ենթակառուցվածքների նկատմամբ: Այլ կերպ ասած՝ թշնամուն հնարավորություն է ընձեռվել ոտք դնել Հայաստանի տարածք և պնդացնել այդ ոտքը՝ պատերազմից առաջ իր համար բարենպաստ և հաջողություն ապահովող դիրքեր գրավելով:
Գեներալ- լեյտենանտ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը դեռ 2021թ. մայիսի 13- ին իր ֆեյսբուքյան էջում համապատասխան պատկերներ կցելով ու գրելով «Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի», բացատրել է Մեծ Իշխանասարի ռազմավարական նշանակությունը.
«Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։
Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի, նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը։
Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառման դեպքում այն կդառնա մի քանի տասնյակ կմ»։
Նկարները զննելուց հետո պարզ է դառնում, որ թշնամին տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային միջոցներ կիրառելու դեպքում, իսկ Նորավան, Վաղատին, թերևս նաև Ակներ գյուղերի պարագայում առանց դրա, վերահսկողություն է ձեռք բերել վերոնշյալ բնակավայրերի, Գորիս քաղաքի, Հարթաշեն, Խնածախ, Որոտան գյուղերի, ռազմավարական նշանակություն ունեցող Գորիս-Սիսիան մայրուղու, ինչպես նաև Սիսիանի օդանավակայանի նկատմամբ: Դե հիմա մտածեք, թե դա ինչ առավելություններ է տալիս թշնամուն, Բաքուն կվերադարձնի՞ վերոնշյալ բարձունքը, ընդհանրապես, այն տարածքները, որոնց տիրել է, և եթե այո, ինչ գնով…
«Այն իշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ մայրուղին, որը Սարավանից տանում է մինչև Գորիս, այնուհետև Կապան»,- NEWS.am (https://news.am/arm/news/643474.html )– ի հետ զրույցում 2021թ. մայիսին ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
4.Ադրբեջանին են հանձնել ականապատ տարածքների քարտեզները, ինչով ռազմական առումով նպաստավոր պայմաններ են ստեղծվել Ադրբեջանի համար մեծ վնաս է պատճառվել Արցախի և Հայաստանի պաշտպանունակությանը:
5.Դավադրաբար, խորամանկ ու նենգ քայլերով՝ հայտարարություններով (տես օրինակ՝ https://livenews.am/press/2022/180323/29/23/15/ ), այլ գործողություններով և հանցավոր անգործությամբ, Ադրբեջանին են հանձնվել ռազմավարական կարևորագույն հանգույց հանդիսացող Բերձոր քաղաքը, Աղավնոն ու Բերձորի միջանցքում գտնվող այլ համայնքներ, ինչպես նաև Բերձորի (Լաչինի) միջանցքի նկատմամբ վերահսկողությունը, ինչը վճռորոշ նշանակություն ունեցավ Արցախի Հանրապետության շրջափակման, նրա բնակչությանը սովի մատնելու, բնակչությանը, Պաշտպանության բանակը և պետությունը թուլացնելու, 2023 թ. սեպտեմբերի 19- ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը հնարավոր դարձնելու կամ առնվազն դրա համար խիստ նպաստավոր պայմաններ ստեղծելու համար (տես օրինակ՝ https://livenews.am/press/2022/180323/29/23/15/ ):
6.Դավադրության, խորամանկ ու նենգ քայլերի, բազմաքայլ գործողությունների և հանցավոր անգործության դրսևորումների արդյունքում 2023 թ. սեպտեմբերին Արցախի Հանրապետությունն ամբողջությամբ, ներառյալ նրա ունեցած ողջ սպառազինությունը՝ ռազմական տեխնիկան, զենք- զինամթերքը, հանձնվել են Ադրբեջանին, և Արցախը հայաթափվել է, ինչով մասնավորապես Սյունիքը և, ընդհանրապես, Հայաստանը զրկվել են իրենց թիկունքից, մեծ վնաս է պատճառվել Հայաստանի պաշտպանունակությանը, ինչը նույնպես, վերը շարադրված այլ փաստերի, իրողությունների հետ միասին, գրեթե անխուսափելի է դարձրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը:
7.Հայաստանի բանակը չի համալրվել անհրաժեշտ սպառազինությամբ, մասնավորապես, ԱԹՍ- ների դեմ պայքարի և, ընդհանրապես, ՀՕՊ- ի համապատասխան միջոցներով:
8.Բանակի հրամկազմի ու սպայակազմի նկատմամբ հանցավոր քաղաքականություն է վարվել, բազմաթիվ փորձառու, արհեստավարժ, մարտերում իրենց փայլուն դրսևորած սպաներ, մասնագետներ ազատվել են ծառայությունից, նրանցից ոմանք շինծու գործերով քրեականի քողի ներքո նույնիսկ քաղաքական հետապնդումների են ենթարկվել:
Եվ հիմա, այս ամենից հետո, Նիկոլը Բաքվին առաջարկում է ստորագրել չհարձակման մասին պայմանագիր: Ալիևը, իհարկե, չի ստորագրի, քանի որ Նիկոլն իր ոհմակի հետ միասին ստեղծել է գրեթե բոլոր կամ բոլոր բարենպաստ պայմանները Հայաստանի վրա հարձակվելու համար:
Բանակի օրվա առթիվ երեկ ելույթ ունենալով Երևանում, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգման դեպքում ստորագրել չհարձակման մասին պայմանագիր:
«Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին, նաև՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև՝ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում այն պայմաններում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»,- իր ելույթում, որին դեռ կանդրադառնանք, ասել է Նիկոլը:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ